8/07/2013

Միջհամայնքային մշակութային փառատոն Վարդենիկում

Սույն թվականի հուլիսի 26-ին Վարդենիկի մանկական երաժշտական դպրոցի բարեկարգ դահլիճում  տեղի ունեցավ միջհամայնքային մշակութային փառատոն: Փառատոնին մասնակցում էին Վարդենիկ, Մարտունի, Վարդենիս, Գավառ, Լճաշեն եւ Սեւան համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր համայնք ներկայացավ յուրովի:
Սևանը ներկայացավ գոբելենագործական խմբակի սաների աշխատանքներով, Լճաշենը` պարի խմբակով և
նկարչական խմբակի սաների աշխատանքներով, իսկ մյուսները հանդես եկան տարբեր երաժշտական համարներով:
Փառատոնը կազմակերպվել էր <<Միջհամայնքային փառատոն>> ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է
Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության եւ Վարդենիկի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:  Ըստ ծրագրի ղեկավար, Վարդենիկի համայնքային աշխատանքային խմբի համակարգող Արմեն Հովհաննիսյանի` այս փառատոնը պետք է նպաստի միջհամայնքային մշակութային կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը եւ համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը:  

Քաունթերփարթ ինեթրնեշնլ կազմակերպության ներկայացուցիչ Տարոն Ալեյանն էլ իր հերթին նշեց, որ Վարդենիկ համայնքում մշակութային կյանքի աշխուժացման համար շատ լավ նախադրյալներ կան: Ըստ նրա` բարեկարգված եւ նոր ու գեղեցիկ աթոռներով կահավորված դահլիճը ոչ մի արժեք չի ունենա, եթե այդ դահլիճում չկազմակերպվեն
նորանոր միջոցառումներ:

Դահլիճում ներկա վարդենիկցիների համար այս փառատոնը լավ առիթ էր տնից դուս գալու, միմյանց հետ շփվելու եւ մշակույթի հետ հաղարդակցվելու: Իսկ ելույթ ունեցողները կարողացան հանրությանը ներկայանալ իրենց կատարումներով եւ ստանալ հանդիսատեսի քաջալերող  ու գնահատող ծափողջույնները:
<<Ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Վարդենիկի համար մշակույթի տարբեր ոլորտներում զարգացած խմբեր ու անհատներ ունենալը շատ կարեւոր է>>, -նշեց Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը: Գյուղապետը համոզմունք հայտնեց նաեւ, որ  համայքում վերանորոգվող մշակույթի տունը եւ կառուցվող զբոսայգին էլ ավելի կնպաստեն համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը:

Մերի Սարգսյան

Վարդենիկի ՀԵՆԱ քաղաքացիական լրագրողական ակումբ
Կայքի բոլոր իրավունքները պատկանում են Վարդենիկ երիտասարդությանը :